Ազգային Ժողովում ճանապարհային տուգանքներով եւ վճարովի կայանատեղիներով զբաղվող ժամանակավոր հանձնաժողով չի ձեւավորվի: Ինչպես խորհրդարանի ապրիլի 28-ի նիստին իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն է հայտարարել, քաղաքական մեծամասնությունը համաձայն է օրենսդրական փոփոխությունների եւ պատրաստ է համապատասխան հանձնաժողովին բոլոր հնարավորություններն ընձեռել` լուծումներ փնտրելու համար: Սակայն հայացքների անհամապատասխանության պատճառով համաձայնություն ձեռք բերել չի հաջողվել:
Հանրապետական կուսակցությունը 62 ձայնով «դեմ» է արտահայտվել առաջարկին: «Կողմ» են եղել 51-ը: Այդուհանդերձ, փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով, իշխող մեծամասնությունը պատրաստ է խորհրդարան-կառավարություն երկխոսության ձեւաչափով գործընկերների հետ այդ հարցը քննարկման դնել:
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նման մոտեցումը ապակառուցողական է անվանել: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը եւ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կրկնել են գործընկերոջ տեսակետն առ այն, որ հարցը հարկավոր է խորհրդարանում քննարկել:



























