Այսօր Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակ է հղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին Երեւանի թիվ 70 դպրոցի տնօրենի՝ աշխատանքից ազատվելու մասին: Նամակի բովանդակությունը ներկայացնում ենք ստորեւ.
«Հարգելի պարոն Մարգարյան,
Ապրիլի 22-ին իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Երեւանի թ.70 հիմնական դպրոցի տնօրեն Հեղինե Շափաղաթյանը, ով 2011թ. նոյեմբերին որպես տնօրեն աշխատանքային պայմանագիր է կնքել Ձեզ հետ ու անցած 2,5 տարիների ընթացքում հասցրել է թ.70 ՊՈԱԿ-ի կնիքով իրականացնել տարբեր անօրինական ֆինանսական գործարքներ, որոնք հակացուցված են ուսումնական հաստատության տնօրենի համար:
Տնօրենի անօրինական գործողությունները ոչ միայն չեն բացահայտվել Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության եւ ֆինանսական վարչությունների կողմից, այլեւ ԶԼՄ-ների հրապարակումներից, դատարանի վճռից եւ իմ կողմից հանցագործության մասին հաղորդումից հետո, երբ մինչեւ վերջ բացահայտվեց արկածախնդիր, կրթօջախի տնօրենին հակացուցված կերպարը, նրան առնվազն աշխատանքից ազատելու փոխարեն տվեցին սուս-փուս դիմում գրելու ու գնալու հնարավորություն:
Չեմ կարող զուգահեռ չանցկացնել Երեւանի թ.17 դպրոցի տնօրենին աշխատանքից ազատելու եւ այս տնօրենին իր դիմումի համաձայն ազատելու դեպքերի միջեւ: Առաջինի դեպքում տնօրենը, ըստ Ձեր հայտարարության, հարվածել էր մի աշակերտի, որն, իհարկե, երբեք խրախուսելի չէ, պարզվեց՝ Մհեր Սեդրակյանի հովանավորյալն էր, երկրորդն էլ ոտնձգություններ է կատարել պետական բյուջեի նկատմամբ, սակայն Ձեր կողմից թույլ տրվեց իր դիմումի համաձայն ազատվել, որովհետեւ, թույլ տվեք եզրակացնել, որ այս դեպքում էլ տնօրենն էր հովանավորված նույն Մհեր Սեդրակյանի կամ չգիտեմ ում կողմից:
Հասարակությունն այս ամենը տեսնում եւ հասկանում է, ինչպես նաեւ պահանջում է, որ բոլոր պետական պաշտոնյաները օրենքին եւ օրինականությանը հետեւելու օրինակ ծառայեն, իսկ այս դեպքը ճիշտ հակառակի մասին է վկայում»,- գրել է Անահիտ Բախշյանը:




























