ՀՀ Ազգային Ժողովի ապրիլի 28-ի նիստին իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը խորհրդարանի նախագահի պաշտոնին է առաջադրել խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի թեկնածությունը:
Միեւնույն ժամանակ ինքնառաջադրմամբ է հանդես եկել ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Իր հերթին, «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանն առաջադրել է խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի թեկնածությունը:
Նշենք, որ համաձայն Ազգային Ժողովի կանոնակարգի, խորհրդարանի նախագահի պաշտոնի հավակնորդ թեկնածուները կամ ինքնառաջադրվում են, կամ առաջադրվում խմբակցությունների կողմից:
Հիշեցնենք, որ խորհրդարանի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել Հովիկ Աբրահամյանի` Հայաստանի վարչապետի պաշտոնին նշանակումից հետո: Խորհրդարանի նախագահը գաղտնի քվեարկությամբ է ընտրվում:




























