Արձագանքելով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի բաց նամակին՝ տեղեկացնում ենք, որ Երեւանի թիվ 70 հիմնական դպրոցի տնօրեն Հեղինե Շափաղաթյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից իր դիմումի համաձայն: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
«Մինչ այդ Երեւանի քաղաքապետի 20.11.2013 թվականի N 344 Ա կարգադրությամբ Հեղինե Շափաղաթյանի նկատմամբ կիրառվել էր խիստ նկատողություն կարգապահական տույժը՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջների խախտման համար:
Հետագայում Հեղինե Շափաղաթյանի կողմից վերացվել են ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված խախտումների հետեւանքները:
Ինչ վերաբերում է նախկին տնօրենի գործողություններին իրավական գնահատական տալուն, ապա ընդգծենք, որ այդ իրավասությունը վերապահված է իրավապահ մարմիններին եւ դատարանին:
Ավելորդ չենք համարում նաեւ նշել, որ Երեւանի քաղաքապետարանը միշտ էլ դատապարտել ու դատապարտելու է ցանկացած օղակի պատասխանատուի կողմից նմանատիպ անպատասխանատու քայլերն ու որոշումները եւ հետայսու էլ, նմանատիպ դեպքերում, իր լիազորությունների շրջանակում կիրառելու է համապատասխան կարգապահական տույժեր»,-ասված է հաղորդագրության մեջ:




























