Եվրամիության ներկայացուցչի եւ Գերմանիայի դեսպանի կատեգորիաներն այնքան տարբեր են, որ վերջինիս հայտարարությունը չի կարող եզրակացությունների համար հիմք հանդիսանալ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը` անդրադառնալով Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպանի հայտարարությանն առ այն, որ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրման հնարավորություններ կան:
Քաղտեխնոլոգի խոսքով, դեռեւս բրյուսելյան ելույթի ժամանակ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը առաջ էր քաշել Ուկրաինայի օրինակով ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրման գաղափարը եւ խիստ կոպիտ պատասխան ստացել, որ Հայաստանը եւ Ուկրաինան տարբեր քաղաքական կատեգորիաներ են ներկայացնում, եւ այդ երկրի հետ համեմատվելու կարիք չկա: «Երբ Եվրոպայում կկրկնեն այն, ինչ Հայաստանում Գերմանիայի դեսպանն է ասել, խոսեն այն նույն մակարդակներում, որտեղ մեր երկիրը որպես ոչ առաջին դասի երկիր է որակվել, երբ առնվազն Գերմանիայի ԱԳ նախարանը, էլ չասենք` կանցլեր Անգելա Մերկերը կհայտարարի ասոցացման պայմանագրի քաղաքական մասի ստորագրման հնարավորության մասին, այդժամ կարելի կլինի իրադրությունը հասկանալու փորձեր անել»,- նշել է Կարեն Քոչարյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան հայտարարել է, թե Հայաստանը դեռես կարող է նույնիսկ Մաքսային Միությանը անդամակցելուց հետո Եվրամիության հետ ասոցացման պայմանագրի քաղաքական մասը ստորագրել, միաժամանակ կարծիք հայտնելով, որ այդ պարագայում ստորագրվելիք փաստաթղթի անունը, ամենայն հավանականությամբ, մի փոքր այլ կլինի, քանի որ «Ասոցացման մասին համաձայնագիրը» համագործակցության այլ շրջանակների է վերաբերում:




























