Վանաձորը կունենա իր Պետական համալսարանը: Այս հարցն ընդգրկված է մայիսի 30-ին կայանալիք կառավարության նիստի օրակարգում:

Այս առնչությամբ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Կառավարության նիստում կքննարկվի Վանաձորի Պետական մանկավարժական ինստիտուտի հենքի վրա Վանաձորի Պետական Համալսարան ստեղծելու հարցը:

Այս որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է բուհի առջեւ դրված նոր խնդիրներով եւ նպատակներով: Ինստիտուտը այսօր մասնագետներ է պատրաստում ոչ միայն մանկավարժական, նաեւ այլ ուղղություններով /թարգմանչական գործ, դեղագործական քիմիա, լրագրություն, սոցիալական աշխատանք, կառավարում եւ այլն/:

ԲՈՒՀ-ի անվանափոխությունը նոր հեռանկարներ կարող է բացել մարզի եւ քաղաքի հետագա զարգացման համար, առավել լայն սպասարկելով տարածաշրջանի տնտեսական եւ սոցիալական խնդիրները:

Համալսարանի գաղափարն իր բովանդակությամբ ենթադրում է գիտական հետազոտությունների, ստեղծագործական աշխատանքների եւ դասավանդման սերտ զուգակցման, ինչպես նաեւ՝ վերջիններիս մեջ սովորողների ներգրավման նոր, ավելի բարձր մակարդակ եւ հետեւաբար ներառում է տարածաշրջանի համար գիտական եւ մշակութային կենտրոնի գործառույթներ»: