Չինաստանի արեւելյան Ֆուցզյան նահանգում ապրիլի 28-ին 6 մարդ զոհվել, 13-ը վնասվածքներ են ստացել Lexus-ի վարորդի գործողությունների արդյունքում, որը դիտավորյալ վրաերթի է ենթարկել հետիոտներին ու հեծանվորդներին: Զոհերի թվում կա երեք երեխա:
Նախնական տվյալով՝ 37-ամյա վարորդի արարքի պատճառը անհավասարակշիռ հոգեվիճակն է եղել՝ պայմանավորված ընտանեկան խնդիրներով: Տղամարդը դուրս էր եկել դատարանի շենքից, որտեղ քննարկվում էր իր կնոջ ներկայացրած ամուսնալուծության հայցը: Մեծ արագությամբ տեղից պոկելով մեքենան՝ նա պարբերաբար բարձրացել էր մայթերին՝ աջուձախ հարվածելով անցորդներին: Նրան հաջողվել է այդպես անցնել մոտ 2 կմ, մինչեւ որ ավտոմեքենան ստացված վնասվածքների հետեւանքով կանգ է առել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Վրա հասած ոստիկանները մեղավորին անմիջապես չեն կարողացել ձերբակալել, քանի որ վերջինս սպառնում էր հրդեհել մեքենայում գտնվող բենզինի տարաներն ու հրատեխնիկան: Իրավապահներին ի վերջո հաջողվել է շեղել տղամարդու ուշադրությունը, ինչից հետո ձերբակալել են:




























