Երեւանի քաղաքապետարանի  եւ Ֆրանսիայի Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի միջեւ 2011թ. կնքված համագործակցության բազմոլորտ, այդ թվում նաեւ փորձի փոխանակման ծրագրեր ներառող համաձայնագրի շրջանակում եռօրյա սեմինար է անցկացվում Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակազմերի 26 աշխատակիցների մասնակցությամբ։

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Մի նախագծի ձեռնարկում եւ նախնական պլանավորում» թեմայով սեմինարն ուղղված է քաղաքային տնտեսության նախագծերի կառավարման բարելավմանը՝ դրանք առավել նպատակային ու արդյունավետ կազմակերպելուն։ Ուսումնասիրության նյութ է հանդիսանում նաեւ քաղաքային տնտեսությանն առնչվող մեկական  ծրագրային նախագիծ՝ տարբեր ոլորտներից։ Սեմինարը ներառում է «Բովանդակություն», «Ժամկետ», «Ծախսեր» թեմաներով դասախոսություն-քննարկում, որին հաջորդելու են թիմային աշխատանքներ, ապա՝ աշխատանքների ամփոփում։

Սեմինարը վարում է նախագծերի կառավարման ոլորտում ավագ խորհրդատու, տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարման ոլորտում 30 տարվա աշխատանքային փորձ ունեցող ֆրանսահայ Հարություն Խաչատուրյանը, ով ներկայում  «KNL & Partners»  ֆրանսիական կազմակերպության տնօրենն է։

Երեւան քաղաքապետարանի  եւ Ֆրանսիայի Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի միջեւ համագործակցության համաձայնագրով ծրագրված հաջորդ սեմինարը նախատեսված է հունիսին՝ համատիրությունների փորձի փոխանակման թեմայով։