Հայաստանի տարածքում խոշոր երկրաշարժներ եղել են ու կլինեն, այնպես որ երկրի բնակչությունը պետք է պատրաստ լինի, եւ մենք էլ պետք է միջազգային կազմակերպությունների հետ համագործակցենք: Այս մասին այսօր` ապրիլի 29-ին ՀՀ ԱԻՆ-ում կայացած մամուլի ասուլիսին հայտնել է գերատեսչության ղեկավար Արմեն Երիցյանը:

Նրա խոսքով, 1988թ. երկրաշարժը ամենաշատ ուսումնասիրվածներից մեկն է: Դրանից հետո էր, նշել է նախարարը, որ միջազգային կազմակերպությունները որոշեցին հատուկ ջոկատներ ստեղծել` փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար, եւ ձեւավորվեց INSARAG-ը(International Search and Rescue Advisory Group), որի անդամները հիմնականում եվրոպական երկրները ներկայացնող վերապատրաստում անցած հատուկ խմբեր են: «2012թ. հայտ ենք ներկայացրել, որպեսզի մեր երեք խմբերը եւս այդ կազմակերպության անդամ դառնան: Դա կնշանակի, որ եթե ինչ-որ երկրում աղետ տեղի ունենա, նրանք եւս, իրենց հերթին, մեկնելու են այնտեղ: Կարծում եմ` մեր երեք խմբերը («Շիրակ», «Սյունիք» եւ «Երեւան») մինչ 2015թ. արդեն անդամ կլինեն, քանի որ վերապատրաստում են անցել, համապատասխանում են բոլոր չափանիշներին, անդամներն էլ տիրապետում են մի քանի լեզուների:

Մենք նաեւ Մեծ Բրիտանիայի դեսպանին եւ մեր բրիտանացի գործընկերներին ենք դիմել` անգլերեն լեզվի ուսուցման դասընթաց կազմակերպելու խնդրանքով»,- ընդգծել է Երիցյանը:

Բրիտանական Խորհուրդը երկրի ֆինանսների նախարարության աջակցությամբ ՀՀ ԱԻՆ միջազգային որոնողա-փրկարարական ջոկատի անդամների համար անգլերեն լեզվի ուսուցման դասընթաց կկազմակերպի: Այն կմեկնարկի ընթացիկ տարվա մայիս ամսին եւ վեց ամիս կտեւի:

Նշենք, որ անգլերեն լեզվի իմացությունը ՄԱԿ-ի միջազգային որոնողա-փրկարարական խորհրդատվական խմբի սահմանած ամենակարեւոր չափանիշներից մեկն է համարվում: