Մինսկում, այսօր՝ ապրիլի 29-ին, տեղի կունենա Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը՝ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Նուրսուլթան Նազարբաեւի մասնակցությամբ, որտեղ պիտի համաձայնեցվեն Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրի պայմանները: Այդ պայմանագիրը, որը առանցքային ինտեգրացիոն փաստաթուղթն է, ուժի մեջ է մտնելու 2015-ի հունվարի 1-ից:

Երեք երկրների ղեկավարները կքննարկեն եվրասիական տնտեսական ինտեգրացման գործընթացի մասնակիցների ընդլայնման հեռանկարները, ներառյալ Հայաստանի եւ Ղրղզստանի անդամակցությունը Մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական միությանը:

Սակայն վերլուծաբանները լուրջ տարաձայնություններ են տեսնում Եվրասիական տնտեսական միության մասին համաձայնագրի ստորագրման հարցում հենց Մաքսային միության ներսում: Մոսկվայի կողմից թելադրվող պայմանների նկատմամբ լուրջ առարկություններ ունեն եւ Բելառուսը, եւ Ղազախստանը: Երկու երկրներն էլ Մոսկվայից զիջումներ են պահանջում տնտեսական հարցերում, սակայն դա Ռուսաստանի վրա կարող է տասնյակ մլրդ դոլար արժենալ:

Մինսկի համար գլխավոր հարցը նոր ստեղծվող միությունում բոլոր հարկումների հանումն է: Մասնավորապես, Մինսկը պահանջում է Ռուսաստանից հրաժարվել ռուսական նավթից ստացվող արտահանվող բոլոր տեսակի նավթամթերքների համար մաքսատուրքից: Հարցի գինը տարեկան 3-4 մլրդ դոլար է:

Նրանք ընդհանուր տեսակետ չունեն նաեւ ուկրաինական իրադարձությունների հարցում: Լուկաշենկոն խոստովանում է, որ Ղրիմը ռուսական տարածք է միայն դե ֆակտո: Նա չի պաշտպանում նաեւ Ուկրաինայի ֆեդերալիզացման գաղափարը:

Ղազախստանը եւս նմանատիպ խնդիրներ ունի, որոնցից ամենագլխավորը ռուսական տարանցիկ գազա եւ նավթամթերքների նկատմամբ հավասար հասանելիություն ունենալն է: