Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչը սատարում է Հայաստանի ԱԻՆ-ի գործունեությանը եւ ուրախ է ԱԻՆ խմբերը միջազգային կազմակերպություններում ընդգրկելու հերթական քայլին օժանդակելու հնարավորության համար: Այս մասին ԱԻ նախարարությունում կազմակերպվող  անգլերենի դասընթացների հետ կապված մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչը:

Ըստ նրա՝ առաջին անգամ ԱԻՆ այցելելուց հետո շատ տպավորվել էր երկու գործոններից. Միջազգային պահանջներին համապատասխան ծառայություն մատուցելու նախարարության պարտավորություններից եւ բնակչության հանդեպ վերաբերմունքից:  «Շատ ուրախ եմ, որ նախարարության աշխատակիցներին անգլերենի ուսուցման գործընթացն իրականացնելու է Բրիտանական խորհուրդը: Սա հետագա փոխգործակցության սկիզբ կդառնա», - ընդգծել է Քեթրին Լիչը:

Բրիտանական խորհրդի հայկական գրասենյակի տնօրեն Արեւիկ Բաղդասարյանը իր հերթին նշել է, որ իրենք եռակողմ համագործակցություն են սկսում բրիտանական կառավարության եւ ՀՀ ԱԻՆ-ի հետ եւ շատ ուրախ են, որ կարող են  ընդլայնել համագործակցությունը՝ նոր գերատեսչություն ներառելով: 

Նա նաեւ հավելել է, որ Բրիտանական խորհրդի գլխավոր խնդիրը բոլորի համար հավասար պայմանների ստեղծումն է: Այս տեսանկյունից, ըստ նրա, ԱԻՆ-ը միակ պետական կառույցն է, որտեղ հաշմանդամի սայլակով շատ մարդիկ են աշխատում:

Հիշեցնենք, Միացյալ Թագավորության ֆիննախի աջակցությամբ՝ Հայաստանի ԱԻՆ միջազգային որոնողափրկարարական ջոկատի անդամների համար Բրիտանական խորհուրդը անգլերենի դասընթացներ է կազմակերպում:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am