Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Պարի միջազգային օրվա կապակցությամբ հյուրընկալել է Հայաստանի մշակույթի զարգացման գործում մեծ ներդրում ունեցած պարարվեստի գործիչների եւ նրանց մեդալներ տվել:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ քաղաքապետը շնորհավորել է հյուրերին մասնագիտական օրվա առթիվ եւ մաղթել ստեղծագործական հաջողություններ՝ ի նպաստ հայկական արվեստի զարգացման։
Պարարվեստի ոլորտում ունեցած ավանդի, գեղարվեստական արժեքների ստեղծման ու տարածման համար Տարոն Մարգարյանը Երեւանի քաղաքապետի Ոսկե մեդալով է պարգեւատրել ՀՀ վաստակավոր արտիստ Նադեժդա Դավթյանին։
«Երեւան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» մեդալով են պարգեւատրվել Երեւանի պարարվեստի պետական քոլեջի հայկական ժողովրդական պարերի բաժնի դասատու, պարուսույց Սրբուհի Բաբայանը, «Բարեկամություն» պարային համույթի մենակատար, պարուսույց Հրաչ Բադալյանը եւ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի մենակատար Զավեն Հարությունյանը։
Պարգեւատրվածները շնորհակալություն են հայտնել քաղաքապետին բարձր գնահատանքի, ինչպես նաեւ իրենց ոլորտին ուղղված ուշադրության համար:




























