Երեւանի քաղաքապետարանում տեղի է ունեցել «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթի քաղաքային փուլը, որին մասնակցել է 13 դաստիարակ:
Մրցույթի նախնական փուլն անցկացվել է վարչական շրջաններում: Մրցութային հանձնաժողովի անդամներն այցելել են մանկապարտեզներ եւ տեղում հետեւել պարապմունքներին: Արդյունքների ամփոփումից հետո լավագույն դաստիարակներն արդեն քաղաքային փուլում ներկայացրել են իրենց գիտելիքներն ու հմտությունները:
Հանձնաժողովի որոշմամբ՝ քաղաքային փուլի արդյունքներով Երեւան քաղաքի «Տարվա լավագույն դաստիարակ» է ճանաչվել թիվ 91 մանկապարտեզի դաստիարակ Մերի Գրիգորյանը։ Վերջինս առաջիկայում կմասնակցի մրցույթի հանրապետական փուլին:
Հանձնաժողովի նախագահ, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, շնորհավորելով բոլոր մասնակիցներին, մաղթել է նորանոր ձեռքբերումներ: Հաղթող դաստիարակին էլ հաջողություն է մաղթել մրցույթի հանրապետական փուլում:




























