ԱՄՆ քաղաքացի Ֆայսալ Շահզադը խոստովանել է, որ մասնակցել է Նյու Յորքի Թայմս-սքվեր կենտրոնական հրապարակում նախապատրաստվող ահաբեկչությանը։
Նախօրեին Շահզադը կալանավորվել է ոստիկանության կողմից։ Արմատներով պակիստանցի ամերիկացին խոստովանել է, որ դասընթացներ է անցել Պակիստանի ահաբեկչական ճամբարներից մեկում։ Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, 30-ամյա Ֆայսալ Շահզադը ձերբալկալվել է Քենեդիի միջազգային օդանավակայանում՝ ԱՄՆ լքելու փորձ կատարելու ժամանակ։
Շահզադը հայտնել է, որ ձեռք է բերել մի հին ավտոմեքենա, դրա մեջ ինքնաշեն պայթուցիկ սարք է տեղադրել եւ անցած շաբաթ այն կանգառել է Նյու Յորքի Թայմս-սքվեր մարդաշատ հրապարակում, որտեղ էլ փորձել է պայթեցնել այն։ Շահզադեին մեղադրել են ահաբեկչության եւ զանգվածային ոչնչացման զենք օգտագործելու մեջ։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ահաբեկչությունը Թայմս-սքվերում կանխվել էր այն բանից հետո, երբ փողոցում շապիկներ վաճառող մի մարդ ոստիկանությանը հայտնել էր կասկածելի Nissan Pathfinder ավտոմեքենայի մասին, որի թափքից ծուխ էր դուրս գալիս։ Այնուհետեւ մասնագետները մեքենայում ինքնաշեն պայթուցիկ սարք, պրոպանով լցված երեք բալոն, երկու տարա բենզին, լարեր եւ ժամային մեխանիզմ էին հայտնաբերել։ Ռումբն ականազերծվել էր, մեքենան՝ հեռացվել հրապարակից։




























