Մեծ Բրիտանիան իր աջակցությունն է հայտնում Եվրամիության հետ Հայաստանի համագործակցությանը, եւ ցանկանում է, որ այդ համագործակցությունը շարունակվի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչը՝ անդրադառնալով Հայաստան-ԵՄ ասոցացման մասին համաձայնագրի քաղաքական մասի ստորագրման եւ այդ կերպ երկկողմանի քաղաքական փոխազդեցության զարգացման հնարավորության վերաբերյալ հարցին:
Դեսպանը հավելել է, որ Հայաստանի ու Եվրամիության միջեւ համագործակցության նոր հիմքեր գտնելու նպատակով որոնումներ են իրականացվում: «Մենք բարձր ենք գնահատում այն աշխատանքը, որ տարվել է Ասոցացման համաձայնագիրը կազմելու ճանապարհին, սակայն կարծում եմ, ԵՄ դեսպանն արդեն ասել է՝ համապատասխան մոտեցմամբ այժմ աշխատանք է տարվելու նոր համաձայնության, գործընկերության համար նոր հիմքերի ուղղությամբ: Եվ սա այն է, ինչի շուրջ մենք ցանկանում ենք աշխատել առաջիկա մի քանի ամսվա ընթացքում»,- նշել է Քեթրին Լիչը:
Հիշեցնենք, որ Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը հայտարարել է, որ Երեւանը դեռ կարող է Եվրոպական միության հետ ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը ստորագրել նույնիսկ Մաքսային միությանն անդամակցելուց հետո՝ միաժամանակ կարծիք հայտնելով, որ Հայաստանի եւ ԵՄ միջեւ փաստաթուղթն այլ անվանում կունենա, քանի որ «Ասոցացման համաձայնագիրը» վերաբերում է համագործակցության այլ շրջանակների:




























