ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգում մահապատժի ենթարկվածին 20 րոպեից ավելի չեն կարողացել «այն աշխարհ ուղարկել», ինչի արդյունքում նույն օրը նշանակված մեկ այլ մահապատիժ հետաձգվել է:
Քլեյթոն Լոքեթը նախկինում չփորձված մահացու դեղամիջոցի առաջին չափաբաժինը ստացել է տեղի ժամանակով 18:23-ին, սակայն 18:37-ին նա դեռ կենդանության նշաններ է ցույց տվել՝ շարունակելով ցնցվել: Երբ նա գիտակցության գալու նշաններ է ցույց տվել, բանտապետը հրամայել է դադարեցնել մահապատիժը:
Ավելի ուշ բանտի աշխատակազմը հայտարարել է, որ Լոքեթը սահմանված բոլոր երեք ներարկումները ստացել է եւ վախճանվել սրտի կանգից, հայտնում է BBC-ն:
Առայժմ հայտնի չէ՝ ինչն է հանգեցրել մահվան ձգձգմանը: Ենթադրում են, որ պատճառ կարող էր լինել դատապարտյալի երակի կտրվելը, որի միջով ներարկել էին դեղամիջոցը:
Նույն օրը նախատեսված մեկ այլ բանտարկյալ Չարլզ Ուորների մահապատիժը երկու շաբաթով հետաձգվել է:
Լոքեթը մահվան էր դատապարտվել 1999թ. 19-ամյա աղջկա բռնաբարության եւ սպանության համար, Ուորները՝ 1997թ. 11 ամսական երեխայի բռնաբարության եւ սպանության համար:
(Լուսանկարում ձախից Ուորներն է, աջից՝ Լոքեթը)



























