Նյու-Յորքի դատարաններից մեկը ռուսաստանցի 57-ամյա Անատոլի Գոլուբչիկին փողերի լվացման, անօրինական խաղային բիզնեսի կազմակերպման եւ դրամաշորթության մեղադրանքով հինգ տարվա ազատազրկման է դատապարտել: Ամերիկյան դատախազության տվյալներով, Գոլուբչիկի անդամակցած միջազգային հանցագործ խմբավորման պարագլուխներից մեկը ներկայումս Ռուսաստանում բնակվող գործարար Ալիժման Տոխտախունովն է եղել, որ «Թայվանչիկ» անունով է առավել հայտնի:
Գոլուբչիկին մինչեւ 10 տարվա բանտարկություն էր սպառնում: Սակայն նախորդ տարի նոյեմբեր ամսին նա գործարքի էր գնացել քննության հետ եւ ճանաչել իր մեղքը:
Անօրինական խաղային բիզնեսին առնչվող գործին ընդհանուր առմամբ 34 ամբաստանյալ է ներգրավված, որոնց շարքում նախկին ԽՍՀՄ երկրների քաղաքացիներ կան: Միացյալ Նահանգների իշխանությունները համոզված են, որ Տոխտախունովը «միջազգային խաղային բիզնես է ղեկավարել, որի հաճախորդները նախկին ԽՍՀՄ երկրներում եւ ողջ աշխարհում բնակվող օլիգարխներ են եղել»: Հետաքննության տվյալներով, հիշյալ խմբավորման անդամները բռնության սպառնալիքով դրամաշորթությամբ են զբաղվել: Բացի այդ, իրականացվել է փողերի լվացում, մասնավորապես` Միացյալ Նահանգներում: Ամբաստանյալներից շատերն արդեն ընդունել են իրենց մեղքը:
Մի քանի տարի առաջ ԱՄՆ-ի իշխանությունները Տոխտախունովին ֆինանսական բնույթի խաբեություններ իրականացնելու եւ 2002թ, Սոլթ-Լեյք-Սիթիում անցկացված գեղասահքի օլիմպիադայի ժյուրիի անդամների նկատմամբ ճնշում գործադրելու մեջ էին մեղադրել, սակայն գործարարն այդպես էլ չէր ընդունել իր մեղքը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:



























