Թուրքական T24 Կայքի սյունակագիր Հասան Ջեմալը եւ Radikal պարբերականի թղթակից Իսմաիլ Սայմազը «Լրագրողներ առանց սահմանի» (RSF) միջազգային կազմակերպության կողմից ընդգրկվել են 2014 թվականի «Մամուլի 100 հերոս» ցուցակում։
Թուրքական T24.com-ի փոխանցմամբ՝ «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության հայտարարության մեջ նշվել է, որ Հասան Ջեմալը Milliyet-ում գրելու ժամանակ դարձել էր վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիրախը։ Բացի այդ, նշվել է, որ 2012-ին Հայոց ցեղասպանության մասին Հասան Ջեմալի գիրքը Թուրքիայում ամենավաճառվող գրքերից էր։
Հիշեցնենք, որ Հասան Ջեմալը՝ Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռը, այն թուրք եզակի լրագրողների թվում է, ովքեր ճանաչում են Հայոց ցեղասպանությունը։ Հասան Ջեմալը 2008-ին եղել է Ծիծեռնակաբերդում եւ Ցեղասպանության համար ներողություն խնդրել։
Հասան Ջեմալը 2012-ին հանրությանն էր ներկայացրել «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը, որը նվիրել է Հրանտ Դինքի հիշատակին։

























