Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ 2013 թվականին մայրաքաղաքի փողոցների հետիոտնային անցումներում թեքահարթակներ կառուցելու նպատակով  առաջին անգամ համայնքային բյուջեից հատկացվեց 20 մլն. դրամ: 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե թեքահարթակներ կառուցվեցին նաեւ մասնավոր ընկերությունների միջոցներով: Տարեցտարի ընդլայնվող ծրագրի համար, դարձյալ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, այս տարի համայնքային բյուջեից կհատկացի արդեն 40 մլն. դրամ: Այդ միջոցներով մայրաքաղաքի վարչական շրջաններում, ըստ առաջնահերթության, կկառուցվի շուրջ 200 թեքահարթակ: Ընտրության վայրերը նախապես քննարկվել եւ հավանության են արժանացել նաեւ ոլորտի մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից: 2014 թվականին նվազագույնը 400- ով կավելանա նաեւ քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շնորհիվ գործառնական տարբեր նշանակություն ունեցող շենք-շինությունների մուտքերին կառուցված թեքհարթակների թիվը: Դրանցից 65-ն արդեն պատրաստ են: Ընդ որում, քաղաքապետարանը տրամադրում է առանձին նախագծեր, որպեսզի պահպանվեն սահմանված բոլոր նորմերը: Հիշեցնենք նաեւ, որ, Երեւանի ավագանու որոշմամբ, բազմաբնակարան, բազմաֆունկցիոնալ եւ հասարակական տիպի շենքերի նախագծային աշխատանքների համար տրվող ճարտարապետահատակագծային առաջադրանքներում եւս պարտադիր պայման է թեքահարթակի կառուցումը: