ՀՀ կառավարության ձեւավորած աշխատանքային խումբը 2-3 ամսվա ընթացքում կվերլուծի երթեւեկության կանոնների խախտման համար սահմանված տուգանքները: Նման հայտարարությամբ է հանդես եկել արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը` պատասխանելով ընդդիմադիր ՀԱԿ կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին: Վերջինս նշել է, որ իր ներկայացրած` երթեւեկության կանոնների խախտման համար սահմանված տուգանքների նվազեցում առաջակող օրինագծին կառավարությունը պատրաստվում է բացասական եզրակացություն տալ: «Այդ դեպքում` գոնե ասացեք, ձեր կողմից ե՞րբ եք ավարտելու տուգանքներին վերաբերող աշխատանքը»,- հարցրել է Փաշինյանը:
Ի պատասխան Թովմասյանն արձանագրել է, որ տուգանքների նվազեցումն ինքնին նպատակային չէ: Հարկավոր է վերլուծել վիճակագրությունը եւ հասկանալ, թե տուգանքների վերանայումն ինչպես է անդրադառնում խախտումների հաճախականության վրա: «Ինչ վերաբերում է քրեական օրենսգրքի փոփոխություններին, ապա այստեղ պետք է զգույշ լինենք, որովհետեւ ծանր խախտումների պարագայում քաղաքացիների կյանքին ու առողջությանն ենք առնչվում: Այնպես որ տուգանքները պետք է համարժեք լինեն, բայց մյուս կողմից էլ պետք է հասկանալ, թե արդյոք դրանց ճնշմամբ խախտումների կրճատում է նկատվում»,- հայտարարել է Թովմասյանը:




























