Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) կողմից «Ազերիգազին» վաճառվող գազի 55% առեղծվածային կերպով կորում է: Այդ պատճառով SOCAR-ը գազամատակարարման համակարգը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով, սկսել է բանակցել եվրոպական ընկերությունների հետ, որոնք մեծ փորձ ունեն գազի արդյունահանման եւ գազամատակարարման համակարգի արդիականացման ոլորտում: Այս մասին գրում է ադրբեջանական «Բիզիմ յոլ» (Մեր ճանապարհը) թերթը:

Տնտեսական եւ սոցիալական զարգացման ադրբեջանական կենտրոնի փորձագետների կարծիքով, «Ազերիգազի» ամենամեծ խնդիրը՝ արդյունահանվող գազի մեծ մասի կորուստն է: Կենտրոնի փորձագետները հայտնել են, որ «Ազերիգազի» կողմից SOCAR-ից գնված գազի 65% կորում է Բաքվում: Ադրբեջանի ողջ տարածքով այդ ցուցանիշը կազմում է 55%: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրից 650-ը կորում է Բաքվում, եւ սպառողներին է հասնում ընդամենը 350 խորանարդ մետր: Ամբողջ Ադրբեջանում 1000 խորանարդ մետրից կորչում է 550-ը:

Օրինակ՝ համեմատության համար, ՌԴ-ում գազի կորուստը կազմում է 9%, Ղազախստանում՝ 11%: ԱՊՀ երկրներում այդ ցուցանիշը կազմում է միջինը 8%: Ստացվում է, որ Ադրբեջանում՝ ԱՊՀ երկրների համեմատ, գազամատակարարման համակարգում գազի կորուստները 6 անգամ ավել են: Կենտրոնի փորձագետների կարծիքով, գազի կորուստները տեղի են ունենում առաջին հերթին համակարգի մաշվածության պատճառով: Բացի այդ, կան բազմաթիվ չգրանցված գազի խողովակներ: Չգրանցված գազը վաճառվում է ապօրինի սպառողներին եւ ընկերություններին, իսկ նման վաճառքից ստացված եկամուտները յուրացվում են: Ի պատասխան NEWS.am-ի թղթակցի հարցի, թե որքա՞ն է գազի կորուստը Հայաստանի բաշխիչ ցանցում, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ից տեղակացրեցին, որ հանրապետության կտրվածքով այդ ցուցանիշն ընդհանուր առմամբ կազմում է շուրջ 2,5%, իսկ անմիջապես Երեւանում գազի կորուստը հասնում է 3-3,5%-ի: