Այսօր ժամը 12:30 Երեւանում մեկնարկել է կոմունիստների ավանդական մայիսմեկյան երթը: Մաշտոցի պողոտայի երկայնքով կազմակերպված միջոցառմանը մասնակցում են Հայաստանի կոմունիստական կուսակցության եւ Միացյալ առաջադիմական կոմունիստական կուսակցության կողմնակիցները (ֆոտոռեպորտաժ):
Ակցիան խորհրդային ժամանակների եւ հեղափոխական բնույթի ռուսական եւ հայկական երգերով է ուղեկցվում: Փողային նվագախմբի ուղեկցությամբ քայլերթի է ելել նաեւ պիոներների սյունակը, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը:
Երթի մասնակիցները բազմաթիվ կարմիր դրոշներ են պարզել եւ լոզունգներ` ի պաշտպանություն սոցիալիստական համակարգի եւ Ռուսաստանի հետ միության ամրապնդման: Երթի առջեւում Խորհրդային Հայաստանի կարմրակապույտ մեծ դրոշն է ծածանվում:
Այսօրվա միջոցառման մասնակիցները եվրասիական ինտեգրման շեշտադրմամբ են ելույթի ելել` աջակցություն հայտնելով Հայաստանի` Մաքսային եւ Եվրասիական միություններին անդամակցմանը: Հենց այդ պատճառով շարասյունը դեպի Հայաստանում ՌԴ դեսպանատուն է ձգվում, որտեղ հայ եւ ռուս ժողովուրդներին ուղղված ուղերձ կընթերցվի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` հետխորհրդային տարածքում ինտեգրման ակտիվացմանն ուղղված ջանքերին աջակցության խոսքեր կասվեն:
Ինչպես NEWS.am-ի թղթակցին ՀԿԿ կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանն է հայտնել, ժամանակակից Հայաստանում աշխատողների` իրենց իրավունքների համար պայքարը նոր նշանակություն է ձեռք բերում, քանի որ այդ իրավունքները մշտապես խախտվում են: «Այդ իսկ պատճառով աշխատողների համերաշխության միջազգային օրը առաջնային նշանակություն է ձեռք բերում, եւ իսկական տոնակատարության հասնելու համար դեռ երկար ճանապարհ կա անցնելու»,- ասել է նա:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























