ԱՄՆ Կոնգրեսի անդամների եւ Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) ջանքերով Սպիտակ տունը համաձայնել է  հանրորեն ցուցադրել հայ որբերի գործած գորգը արդեն իսկ այս աշնանը, հաղորդում է Համագումարը:

Համագումարը ողջունում է այս առաջընթացը, քանի որ նախորդ պլանավորած գորգի մեկօրյա ցուցադրությունը` Սմիթսոնյան Ինստիտուտում անցած տարվա դեկտեմբերին, հետաձգվել էր: Համաձայն Բրեդ Շերմանին ուղղված Ազգային անվտանգության խորհրդատու Էնթոնի Բլինկենի անցած տարվա նամակի. «Սպիտակ տան հավաքածուի մաս կազմում են լիարժեք մշակված ցուցադրություններ, այլ ոչ թե մեկօրյա մասնավոր միջոցառումներ»: Համագումարն ակնկալում է, որ այս տարի հայ որբերի գործած գորգը ակնառու կերպով կցուցադրվի ամերիկյան հասարակությանը:

Նորություններում հաղորդվում են անցած տարի թուրքական կառավարության` Սպիտակ տան վրա ճնշում գործադրելու եւ միջոցառումը չեղյալ հայտարարելու մասին, որը բացասական արձագանք գտավ Կոնգրեսի անդամների շրջանում, ներառյալ սենատոր Էդվարդ Մարքի, Ադամ Շիֆի եւ Դեյվիդ Վալադաոյի կողմից, ովքեր ավելի քան 30 Կոնգրեսի անդամների կողմից ստորագրված նամակ էին ուղղել նախագահ Օբամային, որում կոչ էին անում թույլատրել գորգի ցուցադրությունը:  

Քուլիջի գորգի ցուցադրության անհասանելիության հետ մեկտեղ, Համագումարը սկսեց հայ որբերի գործած «Քույր գորգը» ցուցադրելու քարոզարշավը: Այս ընթացքում «Քույր գորգը» ցուցադրվել է Բոստոնում, Մասսաչուսեթս եւ Բոկա Ռեյթոնում, Ֆլորիդա: Մարտ ամսին կոնգրեսական Շիֆը պլանավորել էր ցուցադրել այն Կապիտոլիումում մի միջոցառման ժամանակ, որը սակայն հետաձգվեց ձյունաբքի պատճառով:

«Ես խորապես զգացված եմ»,- դոկտոր Մարտին Դերանյանն ասաց Համագումարին` տեղեկանալով հայ որբերի գործած գորգը ցուցադրելու որոշման մասին: «Ես հավատում եմ ամերիկյան կառավարությանը, որն ի վերջո ճիշտ որոշում կկայացնի»,- շարունակեց խոսքը դոկտոր Դերանյանը: Վերջինս «Նախագահ Քալվին Քուլիջը եւ հայ որբերի գորգը» գրքի հեղինակն է: Նա հավելեց. «Ես գնահատում եմ Վաշինգտոնում մեր ընտրված պաշտոնյաների աշխատանքը, ինչպես նաեւ Ամերիկայի հայկական համագումարին, որն օգնում է ապահովել այս գործընթացը»:

1925թ. Նյու Յորք Թայմսի գլխավոր խմբագիր եւ Մերձավոր Արեւելքի ամերիկյան Նպաստամատույց ընկերության փոխնախագահ, դոկտոր Ջոն Հ. Ֆինլին նվիրեց Հայոց Ցեղասպանության որբերի կողմից պատրաստված գորգը գործող նախագահ Քալվին Քուլիջին: Գորգը պարտաստվել էր ի երախտագիտություն՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից փրկվածներին Ամերիկայի ցուցաբերած օգնության եւ մեծահոգության համար: Ինչպես նախկինում հաղորդվել է, գորգը ցուցադրվել էր Սպիտակ տանը 1984 եւ 1995 թվականներին, սակայն դրանից ի վեր չի ցուցադրվել: Այս հարցը Համագումարը բարձրաձայնել է բոլոր ԱՄՆ-ի վարչակազմերի առջեւ:

«Ամերիկայի` Հայոց ցեղասպանությունը վերապրածներին փրկելու մարդասիրական միջամտության համար երախտագիտության այս նյութական խորհրդանիշի ցուցադրությունը դրական առաջընթաց է»,- հայտատարում է Ամերիկայի հայկական համագումարի տնօրեն Բրայան Արդունին: