Մայիսի 3-ին, ժամը 00.30-ին, Վանաձորի հիվանդանոցից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել ՌԴ քաղաքացի, 1992 թ. ծնված Ալեքսանդր Զ.-ն:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Ֆիոլետովո գյուղում, վիճաբանության ժամանակ, նրան սուր կտրող-ծակող գործիքով 4 անգամ հարվածել և վնասվածքներ պատճառել է անհայտ անձը:
Ձեռնարկված հետագա միջոցառումներով պարզվել է, որ մայիսի 2-ին, ժամը 1-ի սահմաններում, 1991 թ. ծնված Արման Պ.-ն և 1987 թ. ծնված Գորիկ Ս.-ն Ֆիոլետովո գյուղում վիճաբանել են Ալեքսանդր Զ.-ի հետ, որի ժամանակ Արման Պ.-ն սուր-կտրող գործիքով հարվածել է նրան և ՌԴ քաղաքացի, 1988 թ. ծնված Վլադիմիր Մ.-ին:
Զննությամբ վերջինիս կրծքավանդակին, որովայնին և այտին հայտնաբերվել են ծակած-կտրած վերքեր:
Վլադիմիր Մ.-ն հայտարարել է, որ իրեն և ընկերոջը մարմնական վնասվածքները պատճառել են իրենց անծանոթ անձինք, որոնք եղել են «ՎԱԶ-2121» մակնիշի սպիտակ գույնի ավտոմեքենայով: Տուժողներին դատաբժշկի ուղեգրեր են տրվել: Մայիսի 3-ին, ժամը 14.30-ին, Արման Պ.-ն ներկայացել է բաժին:




























