Երեւանի բոլոր վարչական շրջանների մարդաշատ վայրերում, ինչպեսեւ նախորդ տարի, տեղադրվում են «Առաջարկությունների տաղավարներ»։ Այսպիսով, այսուհետ եւս երեւանցիները կարող են Երեւանի զարգացման, բարեկարգման վերաբերյալ իրենց առաջարկները հղել քաղաքապետարանին։
«2013 թվականին, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկությամբ, տեղադրվեցին այս տաղավարները՝ որպես եւս մեկ գործիք քաղաքացիների առաջարկությունները լսելու համար։ Անցյալ տարի մեկ ամսում շուրջ 3000 նամակ ենք ստացել՝ տարբեր ոլորտների վերաբերյալ։ Առաջարկություններից շատերն ընդգրկվել են քաղաքապետարանի՝ 2014 թվականի ծրագրերում, ինչպես, օրինակ, որոշ հասցեներում բակերի բարեկարգման առաջարկություններն էին։ Մեզ ուրախացրեց նաեւ այն փաստը, որ նշված հասցեների մեծ մասն արդեն ընդգրկված էին տարեկան ծրագրում. սա թույլ է տալիս համոզված լինել, որ երեւանցիների ցանկություններն ու Երեւանի քաղաքապետարանի ծրագրերը համահունչ են»,- նշել է Երեւանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը։
Առաջարկներով նամակներն արկղերից դուրս են բերվում գրեթե ամեն օր եւ յուրաքանչյուր շաբաթ հասցեաբար ներկայացվում համապատասխան կառույցներին։



























