Ամերիկյան Մոնտանա նահանգում Գերմանիայից ժամանած 17-ամյա դպրոցական է սպանվել: Նա անհայտ պատճառներով գիշերն ուրիշի ավտոտնակ էր մտել:

Դիրեն Դեդեն` թուրքական ծագումով համբուրգցի դպրոցականը, փորձի փոխանակման միջազգային ծրագրի շրջանակում արդեն մեկ տարի է` Միսսուլա քաղաքի դպրոցում էր սովորում:

Նրան սպանել է Մարկուս Կաարման, որի նկատմամբ արդեն կանխամտածված սպանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:

Ինքը` Կաարման գտնում է, որ, Մոնտանա նահանգի օրենսդրությանը համաձայն, իրավունք ուներ սպանել անչափահասին, ասելով, որ իր տունն արդեն երկու անգամ կողոպտել են, եւ երկար անքուն գիշերներ է անցկացրել` սպասելով, թե երբ են վերադառնալու կողոպտիչները:

Այդ գիշեր տեղաշարժի ցուցիչներն աշխատել են, եւ էկրանի մոնիտորին տղամարդու ուրվագիծ է հայտնվել: Մարկուս Կաարման դուրս է եկել տնից եւ առանց նախազգուշացման մի քանի անգամ կրակել ավտոտնակի ուղղությամբ:

Կաարմայի փաստաբանը հայտարարում է, որ իր հաճախորդը մեղավոր չի ճանաչում իրեն, քանի որ Մոնտանա նահանգի օրենքները տանտերերին թույլ են տալիս պաշտպանել իրենց անշարժ գույքը, եթե, նրանց գնահատմամբ, այն սպառնալիքի տակ է գտնվում:

2009թ. Մոնտանայի օրենսդրության մեջ ուղղումներ են մտցվել, որոնք «իմ տունն իմ ամրոցն է» անվամբ են հայտնի: Համաձայն այդ ուղղումների տանտերերն իրավունք ունեն ուղիղ կրակ բացել սեփական տարածք ներթափանցած մարդու նկատմամբ, եթե վերջինս, տանտիրոջ գնահատմամբ, սպառնալիք է ներկայացնում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: