Ռոբերտ Քոչարյանը վաճառեց Հայաստանը եւ «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայում պաշտոն ստացավ: Այս մասին մայիսի 2-ին լրագրողներին հայտնել է «Միացյալ ազգային ինքնորոշում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը: Եթե Հայաստանում իսկապես ժողովրդավարություն գործեր, նման բան երբեք չէր պատահի, հավելել է նա:

«Մի անգամ ռուսական ալիքներից մեկին հարցազրույցի ժամանակ Քոչարյանին հարցնում են. «Շեւարդնաձեն ու Ալիեւը պաշտոններ ունեին կոմունիստական կուսակցության ապարատում, իսկ Դուք` ոչ»: Եվ ինչ է նա պատասխանո՞ւմ: Փոխանակ ասի` այո, չեմ ունեցել, պատասխանում է. «Չէ, չէ, ես էլ եմ ունեցել: Ստեփանակերտի մետաքսի կոմբինատի կուսկազմակերպիչն եմ եղել: Նշանակում է` կոմունիստական կուսակցության եւ ենթակայության ոգին, իր բոլոր ատրիբուտներով, շարունակում է ապրել ներկայիս իշխանության մոտ»,- հայտարարել է Հայրիկյանը:

Նրա խոսքով, հակառակ պարագայում դժվար է բացատրել, թե ինչու Քոչարյանը ռուսական խոշորագույն կորպորացիաներից մեկի` «Սիստեմայում» ղեկավար պաշտոն ստացավ: «Պատասխանը պարզ է` որովհետեւ իր երկիրը Ռուսաստանին վաճառեց: Փոխարենն այդ պաշտոնը տվեցին»- համոզմունք է հայտնել կուսակցապետը:

Եթե Հայաստանում իսկապես ժողովրդավարություն եւ օրինական իշխանություն լիներ, նրա ղեկավարները կհանդգնեին ասել, որ Ռուսաստանը չպետք է զենք վաճառի Ադրբեջանին: Նրանք կասեին. «Ի՞նչ հիմքերով եք ձեր դաշնակցի հակառակորդին զենք վաճառում»: Եվ ոչ պաշտպանողական, այլ նույնիսկ` հարձակողական` 80-90 կմ հեռահարությամբ հրթիռային կրակի համակարգեր: Դրանցով հայ-ադրբեջանական սահմանից նույնիսկ Երեւանը կարող են կրակի տակ առնել, հավելել է Հայրիկյանը: