Հիմարները միշտ էլ խելոքներից շատ են, մայիսի 2-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ սահմանդրական բարեփոխումների շրջանակում խորհրդարանական համակարգի անցում կատարելու ցանկությունը մեկնաբանելով։
Ըստ նրա՝ վերջերս ինքը զրուցում էր կառավարման խորհրդարանական համակարգի կողմնակիցներից մեկի հետ։ «Նա բարեկամաբար ինձ ասաց. Հայաստանում կառավարման նախագահական ձեւի կողմնակիցը միայն դու ես։ Կիսանախագահական մոդելի կողմնակիցները մի քանիսն են, մնացածը խորհրդարանականի կողմնակից են։ Իսկ ես պատասխանեցի. հիմարները միշտ էլ խելոքներից շատ են», - հայտարարել է Հայրիկյանը։
Նա նշել է, որ խորհրդարանական հանրապետության դեպքում համընդհանուր ընտրությունները մեկն են՝ խորհրդարանինը։ Իսկ գործադիր իշխանությանը խորհրդարանն ընտրում է արդեն առանց ժողովրդի մասնակցության։ Խորհրդարանա-նախագահական համակարգի դեպքում, ինչպես հիմա, համապետական ընտրությունները երկուսն են՝ խորհրդարանի եւ նախագահի։Նախագահական հանրապետության դեպքում, երբ նախագահը ստանձնում է նաեւ կառավարության ղեկավարի գործառույթները, հնարավորություն կա ընտրել ոչ միայն նախագահին ու խորհրդարանը, այլեւ մասամբ նաեւ դատական համակարգը։
«Իսկ սա նշանակում է ժողովրդավարության ավելի բարձր մակարդակ», - հայտարարել է Հայրիկյանը։
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը ստեղծվել էր 2013-ի սեպտեմբերին։ Մինչեւ 2014թ. հուլիսի 1-ը այն պետք է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ մշակի։



























