Սփյուռքի հայկական մամուլը խիստ կուսակցականացված է, մայիսի 2-ի մամւլի ասուլիսում հայտարարել է իրանցի հայ լրագրող Ռուբիկ Մինասյանը՝ մեկնաբանելով Հայաստանում եւ դրա տարածքից դուրս մամուլի ազատության մակարդակը։
Ըստ նրա՝ Սփյուռքի մամուլը չի կարողազատ համարվել, քանի որ լրատվամիջոցներից շատերը տարբեր կուսակցություններին են պատկանում։ Ավելին, ըստ Մինասյանի, այդ լրատվամիջոցում չի կարող աշխատել անկուսակցական լրագրողը։ Հետեւաբար այս դեպքում մամուլի ազատության մասին խոսելն ավելորդ է։
«Եթե անգամ անկուսակցական լրատվամիջոց է հանդիպում, ապա այն, միեւնույն է, չի կարելի անկախ համարել, քանի որ անուղղակիորեն ֆինանսավորվում է ազդեցիկ անձանց կամ մասնավոր տարբեր կառույցների կողմից »։
Խոսելով Հայաստանի լրատվամիջոցների մասին՝ Մինասյանը նշել է, որ ըստ «Freedom House» ընկերության հրապարակած Մամուլի ազատության ինդեքսի՝ Հայաստանը զբաղեցնում է 134-րդ տեղը, ինչը, ըստ լրագրողի, «պետության համար ամոթալի ցուցանիշ է»:
«Այս տվյալների հետ հնարավոր չէ չհամաձայնել, քանի որ կոնկրետ մեր երկրում գործող իշխանությունը ոչ մի միջոց չի ձեռնարկում՝ մամուլին ավելի ինքնուրույնություն տրամադրելու կամ լրագրողների վրա գործադրվող ճնշումը նվազեցնելու համար», - նշել է Մինասյանը:



























