Սյունիքի մարզկենտրոն Կապանում մայիսի 1-ից թիվ 6 համարի երթուղին բարձրացրել է սակագինը. նախկին 50 դրամի փոխարեն կապանցիները ստիպված են 70 դրամ վճարել:

Թանկացումների մասին կապանցիներին զգուշացրել են ապրիլի 17-ին, սակայն նրանք այժմ չեն հասկանում՝ ինչպես վարվել:

«Աշակերտները դպրոց են գնում, ծնողները էդ ինչքա՞ն փող տան, որ կարողանան հասցնեն եւ՛ իրանց նախաճաշիկին, եւ՛ տրանսպորտին։ Շոֆերների համար էլ ա դժվար, դժգոհում են կոպեկների համար, տեսնում ենք։ Վատ ա։ Մեկն էլ ես, եթե դուրս գան ցույցի, ես էլ դուրս կգամ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ուղեւորներից մեկը՝ ավելացնելով, որ թանկացման դեպքում էլ սպասարկման որակը չի փոխվել:

Չնայած համատարած բողոքին՝ կապանցիներից շատերը վճարում են 70 դրամ. «ԳԷՍ թաղամասից եմ գալիս, չեմ հասցնում, աշխատավարձը քիչ ա։ 50 հազար փող եմ ստանում: 5000-ը տամ ճանապարհին, բա տակին ի՞նչ ա մնում, երեխա ունեմ, բա ի՞նչ անեմ, չեմ հասցնում։ Բայց դե մեկ ա, ստիպված 70 վճարել եմ»։

Վարորդներին նույնպես այս իրավիճակը դուր չի գալիս: Նրանց խոսքով՝ ստիպված են մարդկանցից 70 դրամ վերցնում:

«Մենք վարորդ մարդիկ ենք, մենք ինչ կարող ենք ասել, ինչ գրում տալիս են, դրանով էլ աշխատում ենք»,- կանգառներում եւ ավտոբուսներում դժգոհում են կապանցի վարորդները։

Եթե մեծահասակները բողոքում են ու անցնում, դպրոցականները մայիսի 1-ին «Դեմ ենք 70 դրամին» պաստառներով եւ վանկարկումներով դուրս էին եկել փողոց եւ բողոքում էին թանկացումների դեմ:

«Ոչ մեկը 70 չտա, բոլորդ 50 տվեք։ Եթե մենք էսօր չպայքարենք մեր իրավունքների համար, միշտ էլ սենց քնած կմնանք»,- ավտոբուսում ասաց դպրոցականներից մեկը։

Դպրոցականները NEWS.am-ի թղթակցին պատմել են, որ ամեն օր առնվազն 5-6 անգամ օգտվում են հասարակական տրասնպորտից:

«Ամեն մեկից, որ ամեն օր 20 դրամ վերցնեն, իրանք 50 տոկոսով ավելացնում են իրանց շահույթը եւ ընդ որում ոչ շոֆերի աշխատավարձն են բարձրացնում, ոչ սպասարկումը, ոչ էլ մի գիծ ա ավելանում։ Դա ոչ մի օգուտ չունի, դա իրանց համարա։ Մենք բոլորս էսօր նստել ենք ավտոբուս ու 50 դրամ ենք տվել եւ ոչ մի բան էլ չեն ասել»,-ասաց երեխաներից մեկը:

Աշակերտների խոսքով՝ իրենք շարունակելու են պայքարը:

Նշենք, որ թիվ 6 երթուղին պատկանում է «Լավ ընկեր» ՍՊԸ-ին, որի տնօրեն Վահե Համբարձումյանը դեռ դեկտեմբերին էր ցանկություն հայտնել սակագինը բարձրացնել այն պատճառաբանությամբ, թե մեկ ուղեւորի ծախսը կազմում է 140 դրամ, սակայն ինքը կդարձնի ընդամենը 70 դրամ: