Հետխորհրդային երկրներում, որոնք Եվրամիության կազմի մեջ չեն, ամենաազատ մամուլը Վրաստանից եւ Մոլդովայից հետո ունի Հայաստանը: Մամուլի ազատության միջազգային օրվան ընդառաջ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը NEWS.am-ի հետ զրույցում ամփոփում է 2013 թվականը:

«Եթե համեմատենք 2011-2012թթ. առաջ ընկած ժամանակահատվածը, պետք է արձանագրենք բավականին առաջընթաց: Սա կապված է նրա հետ, որ 2012-2013թթ. բավականին հավասարակշռված էր լուսաբանվում քաղաքական դաշտը, մասնավորապես ընտրությունների ընթացքը: Կարող ենք նաեւ դրական գնահատել դատական պրակտիկան զրպարտանքների եւ վիրավորանքների գործերի հետ կապված, դա թույլ տվեց տարբեր միջազգային վարկանիշներով առաջընթաց ապրել: Եթե ինտերնետի ազատությունը սահմանափակելուն միտված ոտնձգություններ չլինեն, ապա խոսքի ազատության առումով մենք կունենանք ընդունելի իրավիճակ, այսինքն այնքանով ընդունելի, ինչքանով մամուլի տնտեսական, ֆինանսական վիճակը թույլ կտա, որը ամենամեծ խնդիրն է հայաստանյան մամուլի համար»,- ասաց նա:

Բորիս Նավասարդյանը կարծում է, որ մամուլն ավելի ազատ կլինի, եթե չլինեն ֆինանսական խնդիրները, իսկ ամենազատն այսօր առցանց լրատվամիջոցներն են. «Ամենազատ եւ ամենազարգացողը առցանց կայքերն են: Այն պրոֆեսիոնալ ավանդույթները, որոնք կային հեռուսատեսությունում եւ ռադիոյում, այսօր լավագույնս դրսեւորվում են առցանց լրատվամիջոցներում: Նորից պետք է կրկնեմ, որ միակ խոչընդոտը ներդրումների պակասն է, տնտեսական եւ ֆինանսական միջոցների սակավությունը: Եթե հնարավոր լինի այս խոչընդոտը հաղթահարել, եթե լսարանը մեծանա եւ գովազդային հոսքերն այնտեղ ուղղվեն, ապա ազատության խնդիր այլեւս չի լինի»:

Աշխարհում մամուլի ամենամեծ ազատությունը կա Սկանդինավյան երկրներում: Հետխորհրդային երկրներից ամենաազատը Էստոնիան է:

«Հետխորհրդային այն երկրներից, որոնք Եվրամիության մեջ չեն, Վրաստանն ու Մոլդովան են, որոնց բոլոր հետազոտություններում հետեւում է Հայաստանը»,- ավելացրեց նա:

Նշենք, որ «Freedom House»-ի զեկույցի համաձայն՝ այս տարի Հայաստանում մամուլի ազատությունը գրանցել է հետընթաց: Նախորդ զեկույցի համեմատությամբ՝ Հայաստանում մամուլի ազատության վարկանիշը նվազել է մեկ միավորով, և նախորդ տարվա 61 միավորի փոխարեն այժմ կազմում է 62 միավոր։ Աշխարհի պետությունների շարքում Հայաստանը զբաղեցնում է 134-րդ տեղը, և, ըստ «Մամուլի ազատությունն աշխարհում - 2014» ամենամյա զեկույցի գնահատականի համաձայն, երկրում մամուլը ոչ ազատ է: