Որպես կապի առաջատար օպերատոր՝ մենք կարծում ենք, որ մեր դերը ոչ միայն կապի եւ հաղորդակցության միջոցներ տրամադրելն է, այլ նաեւ սոցիալական առաքելություն իրականացնելը։ Նման հայտարարությամբ մայիսի 5-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հանդես եկավ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Նշելով, որ «ԱրմենՏելը» կարեւորում է ինչպես տեխնոլոգիական, այնպես էլ սոցիալ-մշակութային գործունեությունը, նա ասվածի ապացույց համարեց Աշխարհի հայ նկարիչների միավորման հետ համագործակցությունը, ինչի արդյունքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին իրենք կարողացան հայ նկարիչների 5 նոր կտավներ նվիրել։ «Այդ կտավներն ընտրվել են Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի գլխավորությամբ»,- նշեց նա՝ հավելելով, որ «ԱրմենՏելը» մեծ ոգեւորությամբ արձագանքեց Աշխարհի հայ նկարիչների առաջարկին՝ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտիn նվիրաբերել վերոնշյալ հինգ կտավները։
Կլիմկոն հույս հայտնեց, որ կտավները կհարստացնեն թանգարան-ինստիտուտի ֆոնդը եւ նմուշների շարքում կզբաղեցնեն իրենց պատվավոր տեղը։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենին՝ նշելով, որ իրենք գնահատում են Beeline-ի նմանօրինակ նախաձեռնությունը. «Մենք կարծում ենք, որ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտն այն տեղն է, որ պետք է կենտրոնացվեն նաեւ մեծ թվով գեղարվեստական ստեղծագործություններ»,- նշեց նա։
Աշխարհի հայ նկարիչների միավորման նախագահ Ղազար Միրզոյանն էլ նկատեց, որ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին կտավներ նվիրաբերելու իր քայլով «ԱրմենՏելը» նպաստեց հայ տաղանդավոր նկարիչներից մի քանիսին հանրությանը ճանաչելի դարձնելու գործին. «Այս գործին Beeline-ը լծվել է մեզ հետ հավասար»,- ընդգծեց Միրզոյանը։
Ամփոփելով՝ նա հայտարարեց, որ Աշխարհի հայ նկարիչների հանձնախմբի որոշմամբ՝ Իգոր Կլիմկոյին շնորհվում է հայ նկարիչների միավորման պատվավոր անդամի կոչում եւ Մոմիկի անվան շքանշան՝ հայ կերպարվեստի զարգացմանը նպաստելու եւ ազգային մշակույթի համաշխարհային ճանաչմանը սատարելու համար։
Հիշեցնենք, որ «ԱրմենՏելի» աջակցությամբ ավելի վաղ լույս էր տեսել հայ դասական եւ ժամանակակից նկարիչների՝ Հայոց Մեծ Եղեռնին նվիրված աշխատանքների կատալոգը, որտեղ ներառված են բացառիկ նկարներ եւ 1915-ի ողբերգական իրադարձությունների ականատեսների վկայություններ։




























