ՀՀ պաշտպանության նախարարության Սպայի տան «Զորական» երաժշտական համույթը մասնակցել է Մոսկվայի Զելենոգրադ վարչական շրջանի Մշակույթի պալատում անցկացված «Վիվատ, Պոբեդա» բանակային երգի միջազգային 16-րդ մրցույթ-փառատոնին եւ զբաղեցրել է մրցույթային առաջին տեղը:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե 16 տարի անընդմեջ անցկացվող բանակային երգի միջազգային մրցույթ-փառատոնին մասնակցել են նաեւ Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղրղզստանի եւ Ղազախստանի երաժշտական խմբերը:
Փառատոնային մի քանի օրերի ընթացքում «Զորական» համույթը ներկայացել է տարբեր կատարումներով, իսկ Կոնստանտին Օրբելյանի «Իմ Երեւան» ջազային ստեղծագործության կատարումն օգնել է հայ երգիչներին ստանալ փառատոնի առաջին մրցանակը: Երաժշտական ոլորտի անվանի ներկայացուցիչներից կազմված պրոֆեսինալ ժյուրին բարձր գնահատել է «Զորական» համույթի կատարողական վարպետությունն ու բեմական կեցվածքը:
Փառատոնն անցկացվել է ՌԴ պաշտպանության նախարարության, Դաշնային սահմանային ծառայության, ներքին գործերի, ինչպես եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների բարձր հովանու ներքո:

























