ԱՄՆ արեւմտյան եզերքին բնակվող ամենագեղեցիկ ծովախխունջների մի տեսակին ոչնչացում է սպառնում: Ինչպես օվկիանոսի եւ մթնոլորտի ուսումնասիրության ԱՄՆ վարչության հետազոտողներն են պարզել, կենդանիների խեցիները օվկիանոսի թթվայնության աճի պատճառով տարեց-տարի ավելի փխրուն են դառնում: Հետազոտության արդյունքները մայիսի 2-ին ամերիկյան լրատվամիջոցներում են հրապարակվել:

Հետազոտողներն ուսումնասիրել են Կալիֆորնիա, Օրեգոն եւ Վաշինգտոն նահանգների ափամերձ շրջաններում բնակվող, «ծովային թիթեռնիկներ» անվամբ հայտնի խխունջների խեցիները եւ պարզել, որ նրանցից կեսի մոտ պատյանի լուրջ վնասվանքներ կան, ինչի պատճառը, ամենայն հավանականությամբ, ջրի թթվայնության բարձր մակարդակն է, որ մթնոլորտում ածխաթթու գազի ծավալների մեծացմանը զուգընթաց տարեց-տարի աճ է գրանցում: Հետազոտության հեղինակներից մեկը` Ռիչար Ֆիլին նշել է, որ գիտնականները վաղուց էին օվկիանոսի թթվայնացման վտանգավորության մասին զգուշացնում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Բնապահպանները մտահոգություն ունեն, որ առանց կարծր խեցիների ծովախխունջները չափազանց խոցելի կդառնան վարակների համար եւ աստիճանաբար կոչնչանան: Գիտնականների խոսքով, նրանց ոչնչացումը տխուր հետեւանքներ կունենա մերձափնյա ողջ կենդանական աշխարհի համար, քանի որ «ծովային թիթիռները» սննդային շղթայի կարեւոր օղակ են հանդիսանում: