Հայաստանի Վճռաբեկ դատարանը ետ է վերադարձրել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ներկայումս անազատության մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանի բողոքը՝ փաստացի հրաժարվելով քննել այն:

Հիշեցնենք, որ Փաշինյանի պաշտպանները դատարանից պահանջել էին բեկանել Քրեական վերաքննիչ դատարանի մարտի 9-ի որոշումը: Նիկոլ Փաշինյանը 2010թ. հունվարի 19-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման՝ 2008թ. մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով, իսկ մարտի 9-ին Վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել վճիռը՝ միայն մասամբ համաներում կիրառելով եւ կրճատելով ժամկետը:

Փաշինյանի պաշտպան Լուսինե Սահակյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենք արդեն սպառել են ներպետական բոլոր ատյանները, նախնական նամակ են հղել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին, եւ այժմ պատրաստվում են հիմնական գանգատը հղել եվրոպական այդ կառույցին: