«Տաթեւի վերածնունդ», «Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» եւ Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամները մայիսի 3-ին «Տաթեւեր» ճոպանուղու «Հալիձոր» կայարանի մոտ Հայաստանում եւ տարածաշրջանում առաջին անգամ «Ոչխարի խուզում 2014» փառատոնն էին կազմակերպել (ֆոտոռեպորտաժ):
Միջոցառման գլխավոր նպատակը տարածաշրջանում հասարակական, տնտեսական, մշակութային եւ քաղաքացիական գործունեության հնարավորությունների ձեւավորումն է:
Փառատոնի այցելուները ավանդական կերակուրներ են համտեսել, երեխաների համար ժամանցային եւ սպորտային միջոցառումներ, կենդանի երաժշտւթյուն ու պարեր են կազմակերպվել, ժողովրդական մշակույթի եւ գորգագործության նմուշների ցուցադրություն է տեղի ունեցել: Միջոցառման ընթացքում իր երաժշտական կոմպոզիցիաներով է հանդես եկել DJ Վակցինան, իսկ ժողովրդական երգի ու պարի «Կարին» համույթը բոլոր ցանկացողների համար պարային մշակույթի դասեր է անցկացրել:
«Տաթեւի վերածնունդ» ծրագրի տնօրեն Արեն Ապիկյանը նշել է, որ ի տարբերություն նմանատիպ արտասահմանյան փառատոնների, Հայաստանում այն հայկական մշակույթի համատեղմամբ է անցկացվում: «Փառատոնի անցկացման նախաձեռնությունը Նորվեգիայի եւ Ֆինլանդիայի պատվավոր հյուպատոս, «Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» հիմնադրամի հիմնադիր Տիմոտի Ստրեյտին է պատկանում: Մենք ողջունել ենք այդ նախաձեռնությունը եւ կարծում ենք, որ Սյունիքի մարզը Հայաստանի այն հատվածն է, որտեղ անհրաժեշտ է նմանատիպ միջոցառումներ կազմակերպել, քանի որ այստեղ ոչխարաբուծությունն ու անասնապահությունը բավականին զարգացած են: Նմանատիպ փառատոնների անցկացման` ողջ աշխարհի մակարդակով գլխավոր նպատակը զբոսաշրջության զարգացումն է»,- նկատել է Արեն Ապիկյանը, հավելելով, որ «Ոչխարի խուզում 2014» փառատոնը նպաստելու է, առաջին հերթին, Հայաստանի ներքին զբոսաշրջության զարգացմանը: Նա պատմել է, որ միաժամանակ ընդգծվում են համայնքների զարգացման խնդիրները: Այսօրվա փառատոնին 7 համայնքների ներկայացուցիչներ են մասնակցել: Հալիձորի եւ հարակից համայնքների բնակիչները այցելուներին մոռացված հայկական ավանդույթներ են ցուցադրել, ոչխարի կերպարով եւ խորհրդանիշներով աշխատանքներ:
Ոչխարի խուզման մրցույթին մասնակցել են Սյունիքի մարզի երեք համայնքների` Տաթեւի, Հալիձորի եւ Խոտի ներկայացուցիչներ: Առաջին փուլի հաղթող է ճանաչվել Տաթեւ համայնքի ներկայացուցիչ, մրցույցի ամենատարեց ու փորձառու մասնակից Բորիս Կոլյանը, ում հաջողվել է ոչխարն ընդամենը 8 րոպեի ընթացքում խուզել:
«Տաթեւի վերածնունդ» նախագիծը 2008թ.-ին է մեկնարկել եւ Տաթեւի վանքի հիմնադրման 1111-ամյակին ընդառաջ մինչեւ 2017 թվականը կգործի: Նախագիծը վանական համալիրի ճարտարապետական վերականգնմանը եւ զբոսաշրջության համալիր բաղադրիչների զարգացմանն է ուղղված, ինչի արդյունքում տարածաշրջանը բարգավաճող համայնքներով հրապուրիչ զբոսաշրջության կենտրոնի կվերածվի:
Նշենք, որ «Ոչխարի խուզում» փառատոնը մինչ այժմ միայն ԱՄՆ-ում, Շոտլանդիայում, Իռլանդիայում եւ Նոր Զելանդիայում էր անցկացվում: Ներկայումս ոչխարի խուզումը որպես սպորտի տեսակ Օլիմպիական խաղերի ծրագրում ներառելու առաջարկներ կան:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am



























