Երեւանի բնակիչ, 26-ամյա Արթուր Ն.-ն մեղադրվում է Արա Հ.-ին դանակահարելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Արթուրը «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան վարելու շուրջ վիճել է Արա Հ.-ի հետ: Վիճաբանության ընթացքում Արթուրն իր մոտ եղած ծալովի դանակով հարվածել է Արայի կրծքավանդակին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող։

Արթուր Ն.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է ազատազրկում՝ երեքից յոթ տարի ժամկետով: Արթուրը կալանավորված է:

Գործը քննվում է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում: Այն ընդունվել է վարույթ, սակայն դատական նիստի օրը դեռ հայտնի չէ: