Պարտադիր չէ, որպեսզի քաղաքացին դիմած լինի հենց կառավարություն, նա կարող է նամակ ուղարկել, օրինակ՝ մարզպետարան, եւ իր նամակի ընթացքին ծանոթանալ կառավարության կայքում։ Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց ՀՀ կառավարության քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը՝ ավելացնելով, որ այժմ կառավարությունը, նախարարությունները եւ գրեթե բոլոր մարզպետարանները միացված են այս համակարգին, որը սկսել է իր աշխատանքը հունվարին։ «Համակարգի շնորհիվ քաղաքացին, պարզապես կառավարության կայք այցելելով, նշելով մարզպետարանի անվանումը եւ հավաքելով նամակի 12 նիշանոց հատուկ հսկիչ համարը, կարող է հետեւել իր նամակի ընթացքին»,- ասաց Ղազարյանը՝ ավելացնելով, որ այս կերպ դիմողը կարող է տեղեկանալ, թե ում մոտ է գտնվում իր դիմում-նամակը, իմանալ պաշտոնյա-կատարողի կոնտակտները, ստանալիք պատասխանի ժամկետները, ինչպես նաեւ նամակի պատասխանը։ Վարչության պետի խոսքով՝ այս կերպ բացառվում է նաեւ նամակների կորուստը։

Ղազարյանի տեղեկացմամբ, չորս ամիսների՝ հունվար-ապրիլ, ժամանակահատվածում ՀՀ կառավարություն ստացվել է 1820 դիմում-նամակ, որոնց ընթացքին նամակի հեղինակները կարող են հետեւել ՀՀ կառավարության վեբ-կայքի միջոցով։