Սլավյանսկում, մայիսի 3-ի ուշ երեկոյան ազատ արձակված ԵԱՀԿ դիտորդները ժամանել են Բեռլին: Օդանավակայանում նրանց դիմավորել է Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: ԵԱՀԿ դիտորդների խմբում, որին մեկ շաբաթ պահել են արեւելյան Ուկրաինայում ռուսամետ ակտիվիստները, եղել են Գերմանիայի 4 քաղաքացիներ (3 զինվորական եւ մեկ թարգմանիչ), ինչպես նաեւ Դանիայի, Լեհաստանի եւ Չեխիայի ներկայացուցիչներ:
Չեխիայի բանակի փոխգնդապետ Յոզեֆ Պրշերովսկին չեխական ČT24 հեռուստաալիքին պատմել է, որ ամենասարսափելի առաջին 8 կամ 10 ժամերն էին, երբ տեսուչներին նույնիսկ զուգարան թույլ են տվել միայն կապված ձեռքերով եւ աչքերով:
Նկուղը, որտեղ պահել են դիտորդներին, մոտ 15/30 մետր է եղել, հատակը՝ կավից, որը լուսավորել է 3 լամպ: Նկուղում ցուրտ է եղել՝ մոտ 8 աստիճան: «Քնել մենք չէինք կարողանում, քանի որ վախենում էինք մեր կյանքի համար»,-լրագրողներին պատմել է Պրշերովսկին, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:




























