ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը կարծում է, որ մայիսի 3-5-ը Վրաստանում կայացած հայ մշակութային օրերը հաջողվեցին, թեեւ նախատեսված վերջին միջոցառումը` Հակոբ Ղազանչյանի բեմադրած հայ-վրացական համատեղ ներկայացումը, չի կայանա:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Վրաստանում ՀՀ դեսպանատան մշակութային պատասխանատու Եղիա Մանսուրյանից, պատճառը ներկայացման գլխավոր հերոսի առողջական վիճակն է, ինչի հետեւանքով, երկկողմ համաձայնությամբ, որոշվել է ներկայացումը չեղյալ հայտարարել:

Մշակութային միջոցառումներին հետեւել է երկու երկրների մշակույթի փոխնախարարների առանձնազրույցը:

Երեք շաբաթ անց կավարտվի նաեւ 2009-ի նոյեմբերին փլուզված Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցու վերականգնման նախագծա-նախահաշվային աշխատանքների համար հայտարարված մրցույթը, եւ, Վրաստանի մշակույթի փոխնախարար Դավիթ Քիրիան հավաստել է, որ վերականգնման աշխատանքների մեկնարկից հետո իրենք ամիսը մեկ անգամ հաշվետվություն կուղարկեն ընթացքի մասին:

Արթուր Պողոսյանի կարծիքով, Վրաստանի հաջորդ տարվա բյուջեում եկեղեցու վերականգնման համար միջոցների նախատեսումն արդեն խոսում է խնդիրների լուծման պատրաստակամության մասին: Վրացական կառավարությունը խոստացել է միջոցներ գտնել նաեւ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի` երրորդ աստիճանի վթարային շենքի վերականգնման նախագծային աշխատանքների համար:

Ինչ վերաբերում է մշակութային առաջիկա միջոցառումներին, ապա Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի գեղարվեստական ղեկավար Ռուդոլֆ Խառատյանը պայմանավորվածություն է ձեռք բերել վրաց հայտնի բալետմեյստեր Նինո Անանիաշվիլու հետ` Հայաստանում եւ Վրաստանում համատեղ ներկայացումներ բեմադրելու կապակցությամբ, իսկ նկարչուհի Արեւիկ Պետրոսյանը Թբիլիսիում անհատական ցուցահանդեսով ներկայանալու առաջարկ է ստացել:

Բացի այդ, առաջիկա շաբաթվա ընթացքում Հայաստանում կանցկացվեն վրացական պոեզիայի օրեր, մեր երկրում կներկայացվի Վրաստանի Ոսկե ֆոնդը, իսկ 2012 թվականին հայ տպագիր գրքի 500-ամյակի կապակցությամբ ցուցահանդեսներ կկազմակերպվեն Թբիլիսիում: