Չինաստանի իշխանությունները օդային եւ ծովային որոնողափրկարարական աշխատանքներ են սկսել, երբ չինական բեռնանավը բախվել է մեկ այլ նավի եւ խորտակվել Հոնկոնգի տարածքային ջրերում:
Բեռնանավի անձնակազմի 11 անդամները համարվում են անհետ կորած: Անձնակազմի մեկ անդամի փրկել է ձկնորսական նավը, եւ նա տեղափոխվել է հիվանդանոց, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նշվում է, որ վերջին տարիներին Հոնկոնգի ջրերում տրանսպորտային լարված իրավիճակ է: Ամեն օր այդ շրջանում հարյուրավոր տարբեր նավեր են երթեւեկում:
2012թ. հոկտեմբերին արագընթաց լաստանավի եւ զբոսանավի բախման հետեւանքով զոհվել էր 39 մարդ: Դա Հոնկոնգի պատմության մեջ վերջին 40 տարվա ընթացքում ծովային խոշորագույն արտակարգ դեպքն էր:




























