Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում բացառում են, որ սպորտի արդեն նախկին նախարար Յուրի Վարդանյանը կարող է պաշտոն զբաղեցնել իրենց կոմիտեում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀԱՕԿ-ի քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

«Բացառվում է, որ Յուրի Վարդանյանը գա ազգային օլիմպիական կոմիտե, կարող է 2600-ական թվականներին նման բան լինի, բայց ոչ հիմա: Յուրի Վարդանյանը լեգենդար սպորտսմեն է, շանս էր տրված, որ նրան այլ տեսանկյուններից էլ ճանաչեինք, բայց չեղավ այդպես: Աստված տա, որ նա ամենալավ տեղը զբաղեցնի, բայց ՀԱՕԿ-ին հանգիստ թողեք»,- ասաց նա:

Ռոստոմյանը բացառեց նաեւ, որ նախկին նախարարը կարող է ՀԱՕԿ-ի ղեկավար ընտրվել:

Նշենք, որ NEWS.am-ի հետ զրույցում Յուրի Վարդանյանը ոչ հերքել, ոչ էլ հաստատել էր ՀԱՕԿ-ի ղեկավար նշանակվելու մասին լուրերը:

«Դե որոշողը կորոշի` ես որտեղ կլինեմ, իհարկե,  ես արդեն ամեն ինչ գիտեմ եւ շատ հանգիստ է իմ ներաշխարհը, բայց չեմ բարձրաձայնում, որովհետեւ էդ իրավունքը չունեմ: Երբ ժամանակը գա, բոլորդ կիմանաք»,- ասել էր:

Հիշեցնենք, որ Յուրի Վարդանյանը նախարարի պաշտոնից ազատվել էր մայիսի 3-ին: Նրա փոխարեն նախարար է նշանակվել ՀԱՕԿ-ի սպորտվարչության պետ Գաբրիել Ղազարյանը, որը նախկին ԲՀԿ-ական է: