Ֆրանց-Իոսիֆի Երկիր արշիպելագում ապրող սպիտակ արջերը, գոյատեւելու համար, ստիպված են բուսակեր դառնալ:

«Ինտերֆաքսին» տված հարցազրույցին «Ռուսական Արկտիկա» ազգային պարկի տնօրեն Ռոման Երշովը հայտարարել է, որ արշիպելագում սառուցի մակերեսը վերջին տարիներին խիստ կրճատվել է, ինչը բացասաբար է անդրադառնում սպիտակ արջերի եւ ծովափոկերի պոպուլյացիայի թվաքանակի վրա: «Սառույցի բացակայության պարագայում արջը ստիպված է ծովափին մնալ եւ ծովային կաղամբներով սնվել»,- մեկնաբանել է ազգային պարկի տնօրենը:

«Հարյուր տարի առաջ արշիպելագն ամբողջությամբ սառույցով էր ծածկված, իսկ վերջին տարիներին ամռանը այն գրեթե ազատվում է սառույցից, միայն այսբերգներ են հանդիպում»,- նշել է նա:

Մայիսի 4-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Աբու-Դաբիում կազմակերպված կլիմայական հանձնաժողովին հայտարարել է, որ գլոբալ տաքացման ազդեցության ջերմաստիճանի երկու նշակետի աճով սահմանափակման համար դեռեւս հնարավորություններ կան, սակայն զարգացող երկրները պետք է անհապաղ այդ ուղղությամբ գործի անցնեն, այլապես հետո ուշ է լինելու: Սեպտեմբերի 23-ին Նյու-Յորքում գլոբալ տաքացման թեմայով մեկօրյա գագաթաժողով է անցկացվելու: «Ռոյթերս» գործակալության հաղորդմամբ, զարգացող երկրների մեծ մասն այդ ամսաթիվը որպես «վերջնաժամկետ» է դիտարկում` 2020թ.-ից հետո ջերմոցային գազերի արտանետման ծավալների նվազեցման շուրջ կոնկրետ քայլեր համաձայնեցնելու համար: