Այսօրվանից՝ մայիսի 5-ից, ԱԻՆ վարչական շենքի երկրորդ մասնաշենքում սկսվել են վերելակի կառուցման աշխատանքները։ Այս մասին նշվել է ԱԻՆ-ում հերթական ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը:

ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նոր վերելակն ԱԻՆ հաշմանդամ աշխատակիցներին հնարավորություն կտա օգտվել երկրորդ հարկում գտնվող սպորտային դահլիճից։

Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցել է շաբաթվա ընթացքում իրականացված միջոցառումների եւ կատարված հանձնարարականների մասին։

ՓԾ տնօրենը ներկայացրել է ապրիլի 30-ին եւ մայիսի 1-ին Շվեյցարիայի համագործակցության եւ զարգացման գործակալության հետ համատեղ` որոնողափրկարարական միջազգային ջոկատի ներքին որակավորման ծրագրի շրջանակներում անցկացված վարժանքի արդյունքները։

ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունում պարբերաբար անցկացվում են երկրաշարժի դեպքում վարքականոնների ուսուցման դասախոսություններ։ Այս շաբաթ ՍՊԾ մասնագետները դասախոսություն կանցկացնեն Երեւանի պետական մանկավարժական համալսարանի դասախոսների եւ ուսանողների խմբի համար։