Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ներդրումների փոխարեն ՀՀ-ին պարտքեր էր բերում, մայիսի 5-ին լրագրողներին հայտնել է ԲՀԿ անդամ, խորհրդարանի նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը: «Դա փաստորեն պետական պարտք է, որը վաղը դուք եք վճարելու: Դուք եւ ձեր երեխաները», - հայտարարել է Բոստանջյանը:
Խոսելով նոր կառավարության մասին` նա նշել է, որ դրա նկատմամբ վստահությունը միանգամից չի կարող ձեւավորվել: «Հրահանգով վստահություն չի լինում: Մենք պետք է տեսնենք` ինչ է անում կառավարությունը, որպեսզի դատենք», - հավելել է Բոստանջյանը:
Ըստ նրա` կառավարության փոփոխությունը քիչ բան կփոխի ՄՄ-ին անդամագրվելու համատեքստում: «Ռուսաստանն առաջնորդվում է ոչ թե Հովիկ Աբրահամյանի հետ խոսակցություններով, այլ իր շահերով: Նշանակում է` Հայաստանն էլ պետք է հաշվի առնի իր շահերը: Իսկ ՄՄ-ին եւ միասնական տնտեսական տարածքին անդամակցելը հենց մեր շահերից է բխում», - հավելել է Բոստանջյանը:



























