Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը եւ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն իրենք են որոշում, թե իրենց մարզի դպրոցներում ովքեր պետք է տնօրեն նշանակվեն, նույնիսկ հավաքարարին են նրանք նշանակում: Այս մասին այսօր` մայիսի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը:
«Դպրոցի տնօրենն այսօր աշխատանքային պայմանագիր է կնքում տեղական ինքնակառավարման մարմնի հետ: Ու այսօր մարզպետը դպրոցի տերն ու տիրակալն է զգում, անգամ եթե խնդիր է առաջանում եւ դիմում ենք նախարարությանը, պատասխան ենք ստանում, թե մարզպետարան դիմեք: Կրթության քաղաքականության պատասխանատուն նախարարությունն է, իսկ տեղական ինքնակառավարման մարմինն այլ գործառույթներ պիտի իրականացնի: Մարզպետի դեմը խաղ չկա, ում ուզի կնշանակի դպրոցի տնօրեն: Իսկ այդպիսի մարզպետներն են Կոտայքինն ու Արագածոտնինը»,- ասաց նա:
Մինչդեռ Անահիտ Բախշյանը կարծում է, որ հաշվի պիտի առնել հանրակրթության մասին ՀՀ օրենքը, որտեղ հստակ նշվում է, որ դպրոցների կառավարման խորհուրդը ընտրում է տնօրեն եւ տնօրենն աշխատանքի պայմանագիրը կնքում է կառավարման խորհրդի նախագահի հետ:
«Ամեն ինչ արվում էր, որ դպրոցը ինքնակառավարվի, դպրոցը պատասխանտվություն ստանձնի իր կատարած աշխատանքի համար, չսպասի, թե մարզպետը կամ կուսակցությունն ինչ է ասում: ԱԺ հարյուր տոկոսով այո ասաց այդ օրենքին եւ ի՞նչ եղավ: Օրենքից բխեց մեկ այլ օրենք, որով էլ պայմանագիր են կնքում մարզպետի հետ ու այսօր այս վիճակում են»,- ավելացրեց նա:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























