Համաշխարհային բանկի վարկային ծրագրով վերջին 4 տարում Հայաստանի ավելի քան 220 համայքներում հիմնվել են նոր նախակրթարաններ: Այս մասին մայիսի 3-ին հայտարարել է աշխատանքային այցով Վայոց Ձորի մարզում գտնվող ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

«Ծրագիրը շարունակվում է, եթե մարզում դեռեւս կա նախակրթարանների պահանջարկ, ապա մենք պատրաստ ենք նոր համայքներ եւս ներառել  նոր նախկրթարանների ծրագրում»,- ասել է նա:

Նախարարի խոսքով՝ մինչ ծրագրի մեկնարկը Հայաստանում նախադպրոցական տարիքի երեխաների ներգրավվածությունը նախակրթական հաստատություներում  մոտ 50 տոկոս էր կազմում, այժմ այդ ցուցանիշը հասել է 70 տոկոսի: «Այս ծրագրի արդյունքում նախակրթարաններ են բացվել ոչ միայն մանկապարտեզներում, այլ դպրոցներում. այն գյուղական համայնքերը, որտեղ նախկինում երբեւէ մանկապարտեզներ չեն եղել, նախակրթարանները գործում են դպրոցների այդ նպատակով առանձնացված հարկաբաժիններում»,- ասել է Ա. Աշոտյանն ու հույս է հայտնել, որ 2017-ին երբ ծրագիրը կհատի վերջնագիծը նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածությունը նախակրթարաններում կհասնի ավելի քան 90 տոկոսի:

Նշվել է, որ Եղեգնաձոր քաղաքի թիվ 5 մանկապարտեզում Համաշխարհային բանկի «Կրթության որակ եւ համապատասխանություն» վարկային ծրագրով նախակրթարան էր հիմնվել: Ավելի քան  50 տարի չնորոգված մանկապարտեզի մի հատվածում այժմ գործում է   նախակրթարանը՝ հիմնովին նորոգված եւ կահավորված  ժամանակից կրթության կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր չափանիշներով: Նախակրթարան նախադպրոցական տարիքի 30 երեխա է հաճախում: Նախարարը զրուցել է մանկավարժների ու նախակրթարանի սաների ծնողների հետ:

Առիթն օգտագործելով՝ մանկապարտեզի տնօրեն Գոհար Պողոսյանը նախարար Ա. Աշոտյանին ներկայացրել է կրթական հաստատության խնդիրները՝ թեեւ ԿԳՆ վարկային ծրագրով  ջեռուցում ապահովված է ամբողջ շենքի համար, սակայն տանիքն ու շենքի մնացած հատվածը նորոգման կարիք ունեն:

Մանկապարտեզում աշխատող մանկավարժներն էլ հարց են բարձրացրել՝ ինչո՞ւ իրենց պետությունը չի ներառում մանկավարժների եւ պետծառայողների համար նախատեսված սոցիալական ապահովության փաթեթում. «Դուք համարվում եք համայնքային աշխատողներ: Այս պահին օրենքը Ձեր վրա չի տարածվում, բայց ես հույս ունեմ՝ մեր պետությունը մի օր հնարավորություն կունենա Ձեզ եւս ներառել սոցփաթեթի ծրագրում»,- նշել է ՀՀ ԿԳ  նախարարը: