Դպրոցների ծանրաբեռնվածության խնդիրը պայմանավորված չէ բացառապես դպրոցների ենթակառուցվածքներով: Այս մասին մայիսի 3-ին հայտարարել է աշխատանքային այցով Վայոց Ձորի մարզում գտնվող ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ով մարզպետարանում մարզի դպրոցների տնօրենների եւ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի հետ համատեղ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել:

«Իհարկե խնդիրն ունի նաեւ օբյեկտիվ հիմքեր՝ կապված ժողովրդագրական խնդիրներով: Բայց ինձ համար անհասկանալի է՝ ինչպե՞ս կարող է երկու՝ իրար կողքի գտնվող դպրոցներից մեկը լինել գերբեռնված, մյուսը ՝ թերբեռնված, երբ նրանք երկուսն էլ ֆինանսավորման նույն մեխանիզմով են գոյատեւում: Դա նշանակում է, որ ծնողներն իրենց երեխաներին տանում են այն դպրոց, որն ավելի մեծ վարկանիշ ունի, որտեղ կրթության որակն ավելի բարձր է», – խորհրդակցության ժամանակ նշել է նախարարը:

Աշոտյանի խոսքով՝ բոլորովին այլ է խնդիրը գյուղական դպրոցներում, որտեղ առաջնայինը ժողովրդագրական իրավիճակն է. «Պետությունը մաքսիմալ զերծ է մնալու դպրոցներ փակելու քայլից՝ սա քաղաքական մոտեցում է: Բայց առանձին դեպքերում մենք նման դպրոցներում ունենք մի իրավիճակ, երբ պետությունը մեկ երեխայի կրթության համար վճարում է չափազանց բարձր գին՝ դրա դիմաց ստանալով  կրթության ոչ համարժեք որակ»,- նշել է նախարարը:

Նա հանձնարարել է նախարարության աշխատակիցներին տասնօրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ ավագ եւ հիմնական դպրոցների աշակերտական համակազմի բեռնվածության եւ դրանց հետագա կարգավիճակի վերաբերյալ: