Ներկայումս հումանիտար եւ հասարակագիտական առարկաների ավելացման պատճառով, խորհրդային տարիների համեմատությամբ, բնագիտական առարկաների ծավալը դպրոցական դասացուցակում նվազել է մոտավորապես 30-40 տոկոսով: Այս մասին մայիսի 3-ին հայտարարել է աշխատանքային այցով Վայոց Ձորի մարզում գտնվող ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ով մարզպետարանում մարզի դպրոցների տնօրենների եւ մարզպետի հետ համատեղ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել:

«Սա շատ լուրջ մարտահրավեր է, որի հետեւանքը մենք հետագայում զգալու ենք տնտեսության վրա: Հետագա տարիներին մենք փորձելու ենք այս անհամաչափությունը վերացնել՝ վերանայելով ծրագրերը»,- նշել է նախարարը:

Անդրադառնալով «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրին՝ Ա. Աշոտյանը շեշտել է, որ Վայոց ձորի մարզն այստեղ առաջատարներից է: Նախարարը, կարեւորելով ծրագրի իրագործման արդյունավետությունը, նշել է, որ քննարկվում է եւ՛ տաք, եւ՛ սառը սնունդի տարբերակը. «Դպրոցն ինքը պետք է ընտրի, թե որ տարբերակն է ավելի նպատակահարմար: Պետությունը հետեւողական եւ խիստ է լինելու, որ այս ծրագիրը հնարավորինս արդյունավետ կազմակերպվի: Մենք նպատակ ենք դնում, որ կրտսեր դպրոցի երեխան սնունդ ստանա»,- ասել է Ա. Աշոտյանը:

ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի այցն ավարտվել է  Վայքի ավագ դպրոց այցելությամբ: Նախարար Ա.Աշոտյանն ու մարզպետ Է. Ղազարյանը ծանոթացել են հիմնանորոգումից հետո դպրոցում ստեղծված ուսումնական պայմաններին՝ վերազինված համակարգչային դասարան, կրակային վարժասարքով հագեցած նախնական զինվորական պատրաստության կաբինետ: Ավագ դպորցը, որտեղ երկու տարի առաջ պայմանները խիստ անմխիթար էին, այժմ ապահովված է բոլոր անհրաժեշտ պայմաններով՝ որակյալ ժամանակակից կրթություն կազմակերպելու համար: Վայքի ավագ դպրոցը նորոգվել է պետական բյուջեի միջոցներով: ՀՀ ԿԳ նախարարը լրագրողների հետ հարցուպատսախանի ժամանակ շեշտել է, որ ՀՀ ԿԳՆ-ն կարեւորում է մարզերում եւ մայրաքաղաքում կրթության հավասար պայմանների ապահովումը: