Դպրոցներում պետք է ներդվի կրեդիտային համակարգ, աշակերտները պետք է մինչեւ իններորդ դասարանը միավորներ կուտակեն, որից հետո արդեն ըստ հավաքած միավորների` ընդունվեն այս կամ այն ավագ դպրոցը: Այս մասին այսօր` մայիսի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, Երեւանի ավագանիի «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը:

«Անարդար վիճակ է ստացվում, որովհետեւ մի երեխա չի սովորում եւ խնդիրներ կան եւ ստացել է երեք, իսկ մտավոր հետամնացություն ունեցող երեխան ստանում է ութ, այդ երեխան մտածելու է` ես օդի մեջ հասկանում եմ եւ ստանում եմ երեք, իսկ նա մտավոր հետամնաց է եւ ստանում է ութ: Տասը միավորանոց համակարգում չպիտի լինի բացասական եւ դրական գնահատականներ: Ամեն մարդ իր ստացած գիտելիքներով պիտի փոխադրվի: Իններորդ դասարանի ավարտական վկայականը ստանալուց հետո երեխան իր կուտակած միավորներով պետք է ընդունվի այն ավագ դպրոցը, որի ցենզը կարող է անցնել: Այսինքն` դպրոցներում պիտի ներդրվի կրեդիտային համակարգը, այնպես ինչպես համալսարաններում է այսօր արվում»,- ասաց նա:

Հենց այսպիսի փոփոխություններ է Բախշյանը ցանկանում կատարել հանրակրթության մասին օրենքում: Բացի դրանից ըստ ավագանու անդամի` պետք է հեռահար կրթության մասին օրենք ընդունվի, որպեսզի երիտասարդը հեռավորության վրա կարողանա կրթություն ստանալ: